Կստեղծվի «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ:
«Երևանում մարդատար ավտոմեքենաների շարունակական աճի և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Երևան քաղաքում երթևեկության կազմակերպումը լուրջ մարտահրավեր է այսօր քաղաքային իշխանության համար, և այդ ոլորտում առկա խնդիրները պատշաճ հասցեագրելու նպատակով անհրաժեշտ է պատշաճ գործիքակազմ: Մեր ժամանակաշրջանում այդպիսի գործիքակազմ է կամ առնվազն դրա էական մասը թվային գործիքներն են, և տեխնոլոգիաների ոլորտում գտնվող գործիքներն են, ինչով պայմանավորված՝ Երևանի ավագանուն առաջարկվում է, որ ստեղծվի համապատասխան ստորաբաժանում՝ համապատասխան հիմնարկի տեսքով՝ «Երևանի երթեևեկության կառավարման կենտրոն», որի գործառույթների մեջ պետք է մտնի տարբեր միջոցառումների և պրոյեկտների իրականացումը՝ կապված երթեևեկության կազմակերպման և կառավարման հետ»,- նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա հայտնեց, որ 2026 թվականի համար նախանշվել է հիմնական երկու խոշոր ծրագիր:
«Առաջինը հանրային տրանսպորտի դիսպետչերիզացիայի համակարգն է: Հանրային տրանսպորտի ոլորտում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ: Դրանց, բնականաբար, տրամաբանորեն պետք է գումարվի պատշաճ հոսքերի կազմակերպումը:
Երկրորդը՝ ընդհանուր երթևեկության կառավարումը: Բազմիցս խոսել ենք խելացի լուսացույցերի, հոսքերի համապարփակ հաշվարկի և այլ միջոցառումների անհրաժեշտության մասին: Այսօրվա փոփոխության հիմքում նույնպես ընկած են այդպիսի հաշվարկներ, բայց, բնականաբար, տեխնոլոգիական լուծումներին զուգընթաց, այդ հաշվարկների ճշգրտությունը բարձրացնելու և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված նման հիմնարկի անհրաժեշտությունը, ինձ թվում է՝ վաղուց է հասունացել»,- ասաց Սուրեն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ քանի որ գործառույթների մի մասն իրականացվում էր «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից, ավագանու քննարկմանը կներկայացվի նաև «Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարման հարցը:
Փոխքաղաքապետը նշեց, որ կենտրոնի ստեղծման հարցում հաշվի է առնվել համանման կենտրոնների հետ կապված միջազգային փորձը:
«Երևանը պետք է ունենա պատշաճ միավոր, որը Իլ դը ֆրանսի, «Յանդեքսի» հետ աշխատանքի խողովակ կլինի»,- ասաց Սուրեն Գրիգորյանը: