Ժամը 16։00-ի դրությամբ մենք տրամադրել ենք 51 տեղեկանք, որոնք այսօրվա դրությամբ ձևավորված լրացուցիչ ընտրական ցուցակներում ընդգրկվելու մասին են, այսինքն բոլոր նրանց համար են նախատեսված, որոնք ունեն ընտրելու իրավունք, բայց ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել նախապես ձևավորված ընտրական ցուցակներից։ Հիմա նրանք այս տեղեկանքի միջոցով ներգրավվում են լրացուցիչ ընտրական ցուցակներում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Մենք ունենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ և այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք, ում փաստաթղթի ժամկետը լրացած է, մասնավորապես ՀՀ քաղաքացիների մասով մենք տրամադրել ենք 45 տեղեկանք։ Մենք տրամադրում ենք փոխարինող փաստաթուղթ, որով անձը մոտենում և իրացնում է իր ընտրելու իրավունքը»,- նշեց նա։
Նելլի Դավթյանը նշեց, որ քաղաքացիներին նաև խորհրդատվական ծառայություններ են մատուցվում։ «Շատերը մոտենում են և ասում, որ իրենց տան հասցեում հայտնաբերել են այս կամ այն անունով, ազգանունով անձի, որն իրենց ծանոթ չէ, խնդրում են հեռացնել հաշվառումից կամ պարզաբանում են խնդրում»,- ասաց նա։