ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ՝ քննարկելու միջուկային զինաթափման հարցը։ Դոնալդ Թրամփն ընդգծել է աշխարհում միջուկային զինանոցի կրճատման կարևորությունը, մտահոգություն հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը առաջիկա չորս-հինգ տարում կարող են գերազանցել ԱՄՆ-ին այդ ոլորտում։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ամերիկյան կողմը մտադիր է միջուկային փորձարկումներ անցկացնել, քանի որ, Թրամփի ձևակերպմամբ, այլ երկրներ էլ են դա անում: ԱՄՆ նախագահը հավելել է, որ փորձարկումը տեղի կունենա շատ շուտով, սակայն չի մանրամասնել՝ արդյոք այդ ընթացքում միջուկային մարտագլխիկ կպայթեցվի՞, թե՞ ոչ։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը հրահանգել էր Պենտագոնին՝ միջուկային զենքի փորձարկումներ սկսել: Վլադիմիր Պուտինն էլ հրամայել է Անվտանգության խորհրդին՝ լրացուցիչ տեղեկություններ հավաքել ամերիկյան ծրագրերի մասին և առաջարկներ ներկայացնել ռուսական կողմից համապատասխան փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ: