Մոլդովայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է Ռուսաստանի հետ կնքված Մշակութային համաձայնագրի չեղարկումը, որի շրջանակում Քիշնևում գործում էր «Ռուսական տունը», հաղորդել է մոլդովական NewsMaker պարբերականը։
Եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» (PAS) և «Ժողովրդավարություն տանը» կուսակցությունների 60 պատգամավոր քվեարկել է համաձայնագրի չեղարկման օգտին։ Կոմունիստները, սոցիալիստները, «Այլընտրանք» դաշինքը և «Մեր կուսակցությունը» դեմ են քվեարկել։ Անցյալ շաբաթ Մոլդովայի կառավարությունը հաստատել է չեղարկումը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա անվանել է «Ռուսաստանի նկատմամբ թշնամանքի ևս մեկ դրսևորում»։
Գործընթացը նախաձեռնել է երկրի մշակույթի նախարարությունը՝ Մոլդովայի արտաքին գործերի նախարարության խնդրանքով։ Մոլդովայի մշակույթի նախարար Քրիստիան Ժարդանը հայտարարել է, որ Քիշնևում գտնվող «Ռուսական տունը» ոչ թե մշակութային կենտրոն է, այլ հաստատություն, «որի քողի տակ իրականացվել են Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունը խաթարելուն ուղղված գործողություններ»։ Ժարդանի խոսքով՝ «Ռուսական տունը» կարող է Մոսկվայի կողմից օգտագործվել «որպես աղավաղված հռետորաբանությունը խթանելու գործիք, որը սպառնալիք է Մոլդովայի Հանրապետության և նրա սահմաններից դուրս տեղեկատվական անվտանգության համար»։