Մեր ծրագրում Ղարաբաղի մասին էլ են դրույթներ եղել: ՀԱՊԿ-ի մասին էջեր էլ կան, թե ինչպես ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում խորացնելու մեր հարաբերությունները: Այդ մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին:
«Ղարաբաղի մասին կա՞ն դրույթներ: Իհարկե, կան: Կարո՞ղ էինք գնալ, շարունակել գնալ այդ դրույթների հետևից բուլդոզերի նման: Կարող էինք, բայց կկորցնեինք մեր պետությունը: Քաղաքական առաջնորդությունն այդտեղ է, որ դու քեզ վրա պատասխանատվություն ես վերցնում, որը ոչ մեկը չէր վերցնի:
Հեսա բանակցային թղթերը կբացահայտվեն, և կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է, ֆե՛յք:
Եթե 2018 թվի դրությամբ մենք իշխանություն չլինեինք (մենակ մենք էինք, որ կարող էինք այս ճանապարհով անցնել), ուրիշ որևէ մեկը մնար, այսօր ՀՀ չէր լինելու: Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել: Եվ, այո՛, սա առաքելություն է, մենք այս առաքելությունն անում ենք»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հիշեցրեց 2021 թվականի ընտրությունների ժամանակ իր արած այն հայտարարությունը, ըստ որի՝ եթե ժողովուրդը որոշի, որ գնդակահարելու է իրեն, լուռումունջ պատի տակ կանգնելու է: «Հիմա էլ եմ ասում: Բայց եթե այն ժամանակ շփոթված էինք ինչ-որ առումով, հիմա վստահ ենք: Հիմա ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որը մենք անցել ենք, ճիշտ է՝ ինտուիտիվ, դա էլ պետք է արձանագրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: