2026-ի պետական բյուջեն պատմական է և փաստում է՝ ապագա կա, ապագան այսօր է, և որ մենք ենք ճարտարապետը մեր երկրի ներկայի ու ապագայի: Այդ մասին Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի քննարկումների շրջանակում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այն պատմական է, որովհետև 2026-ին կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրության առաջին փուլը, որի արդյունքում առաջին տարում մինչև 1 մլն 700 հազար հոգի կներառվի այս համակարգում, հաջորդիվ՝ 3-րդ տարում, արդեն ամբողջ բնակչությունը կդառնա ապահովագրության շահառու: Այն պատմական է, որովհետև իրագործվելու է 90-ական թվականների երազանքը՝ ունենալու հասանելի առողջապահություն:
Մեզանից առաջ բոլոր իշխանությունները նախընտրական խոստում են տվել ու հետո արդարացումներ ու հիմնավորումներ բերել, թե ինչու է անհնար իրականացնել այս ռեֆորմը. որովհետև այն թանկ է, ռիսկային, համակարգը պատրաստ չէ, ժողովուրդը պատրաստ չէ և այլն, և այլն: Բայց արդյունքում խնդիրները խորացել են, էլ ավելի են կուտակվել»,- ասաց նա:
Իսկ այս բոլոր հիմնավորումներն ու մտահոգություններն այսօր չկա՞ն: Ըստ նախարարի՝ կան, բայց այս և Կառավարության մյուս ռազմավարական որոշումների կայացման վճռականության հիմքը մտածողության և մոտեցման փոփոխությունն է:
«Մենք ժողովրդի մանդատը ստացել ենք ոչ թե արդարացումներ փնտրելու, այլ հնարավորություններ ստեղծելու, աշխատելու, ստեղծագործելու, բարեփոխումներ իրականացնելու համար՝ անհոգնել լուծելով կուտակված և նորանոր [առաջացող] խնդիրները, կառավարելով ռիսկերը և անընդհատ կատարելագործվելով, այլ ոչ թե միայն երազելով իդեալական լուծումների մասին, նստել և «Կիկոսի մահը» սիրելի հեքիաթի հերոսների պես դեռ չծնված՝ երեխայի ողբը ողբալ՝ չունենալով երեխա, ունեցած-չունեցածն էլ կորցնել՝ թաղվելով վախերի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ 2026 թվականի բյուջեն այսօր կերտվող ապագայի մասին է: