Չեմ կարծում, որ միայն իմ հաղորդման հիման վրա են նրանք («Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյան և Նարեկ Սամսոնյան - խմբ.) ձերբակալվել, վստահ եմ, որ էնտեղ ուրիշ առիթներ ու պատճառներ կլինեն, բայց, այո՛, ես հաղորդում են ներկայացրել, և դա տրամաբանական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այսինքն՝ եթե սպառնալիք է հնչում, ես ի՞նչ պետք է անեմ, կամ այն խուլիգանությունը, որ իրենք իրենց թույլ են տալիս եթերով կամ մարդկանց անձնական կյանք, ընտանիք, անկողին մտնելու պարագայում:
Բոլոր այն մարդիկ, որ փորձում են պաշտպանել այդ մարդկանց, առաջարկում եմ պատկերացնել մի իրավիճակ, երբ ես իմ հեռախոսը կվերցնեմ ու կսկսեմ խոսել իրենց սեռական կյանքի, ընտանիքի մասին, ամեն օր սեռական հայհոյանքներ կհնչեցնեմ իրենց հասցեին, կսպառնամ, որ իրենց հետ հաշվեհարդար եմ տեսնելու, և առաջարկում եմ՝ դրանից հետո չդիմեն Ոստիկանություն»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հերքեց տեղեկությունը, թե ինքն է առաջինը նրանց հասցեին որևէ բան ասել, քանի որ չի էլ դիտում նրանց հաղորդումը:
«Ես երբևիցե որևէ մեկի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ չեմ հնչեցնում, որևէ մեկի անկողին չեմ մտնում՝ ո՛չ նախկին նախագահների անկողին, ո՛չ նրանց ընտանիքի անդամների: Զարմանում եմ, որ իրավապահները ավելի շուտ չեն արձագանքել այս խուլիգանական պահվածքին:
Օրեր առաջ Աբովյանում երիտասարդ տղայի են դանակահարել: Մի տղան, որը դանակահարվեց, մահացավ, մյուսը իր կյանքը կործանեց և գնաց բանտ: Այսինքն՝ ուզում եմ հասկանամ՝ մենք ի՞նչ հասարակություն ենք ուզում ձևավորենք՝ որ իրար վիրավորելը, ստորացնելը և ռազբորկեք անելը պետք է տեղ ունենա՞ն: Ո՛չ: Դրանով պետք է զբաղվեն իրավապահները և զբաղվելու են»,- նշեց նա:
Սիմոնյանն ընդգծեց՝ օրենքով պատժվելու են նրանք, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն:
«Մենք այլ հասարակարգ ենք ունենալու, մենք իրար չենք դանակահարելու: Ես կոչ եմ անում բոլորին, որ դիմեն իրավապահների, եթե ենթարկվում են նման բաների: Ես չէի կարող չդիմել և դիմել եմ, լավ եմ արել»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։
«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ևս ձերբակալվել է։
ՔԿ-ից 1lurer.am-ին հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։