Եվրահանձնաժողովը Վրաստանին չի հրավիրել Եվրամիության ընդլայնման հարցերով առաջին համաժողովին, քանի որ նկատվում է Թբիլիսիի նահանջը անհրաժեշտ բարեփոխումներից ու ժողովրդավարությունից՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Գիյոմ Մերսիեն:
«Անցյալ շաբաթ մենք ներկայացրինք ընդլայնման վերաբերյալ մեր զեկույցը, որտեղ խոսք կար Վրաստանի մասին։ Այնտեղ հստակ արտահայտվեց մեր դիրքորոշումը՝ Վրաստանը հեռանում է եվրոպական ուղուց։ Զեկույցում նշվում է բարեփոխումների հետընթացը, և սա աննախադեպ իրավիճակ է թեկնածու երկրի համար: Այն վատթարացել է այս վերջին ամիսների ընթացքում, և մենք նկատում ենք, որ ժողովրդավարությունը Վրաստանում վատ վիճակում է»,- ասել է նա։
Խոսնակը հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդն իր եզրակացություններում մատնանշել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության դե ֆակտո գործընթացի դադարեցումը: Եվրահանձնաժողովն այժմ ավելի քիչ շփումներ ունի Վրաստանի իշխանությունների հետ։
Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը, Մերսիեի խոսքով, ընդլայնման և դրա հետ կապված բարեփոխումների վերաբերյալ զեկույցի արդյունքում փնտրում է ներկայիս փակուղուց դուրս գալու ելք:
Եվրահանձնաժողովի առաջին ընդլայնման ֆորումը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 18-ին՝ Բրյուսելում: Միջոցառումը կնախագահի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Հանդիպմանը կմասնակցեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ինչպես նաև պաշտպանության և տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը: