ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի նախագահ Իցհաակ Հերցոգին ուղղված նամակում վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական է անվանել և հայտարարել, թե այն անարդար է: «Ժամանակն է թույլ տալ Բիբիին միավորել Իսրայելը՝ նրան ներում շնորհելով և մեկընդմիշտ վերջ դնելով այս իրավիճակին»,- նշել է Թրամփը:
Նա Նեթանյահուին անվանել է «պատերազմական ժամանակաշրջանի վճռական վարչապետ», որն այժմ երկիրը տանում է դեպի խաղաղություն՝ հայտնում է Haaretz-ը:
Ի պատասխան՝ Հերցոգը «իր մեծ հարգանքն է հայտնել նախագահ Թրամփի նկատմամբ», բայց և ընդգծել է, որ «ներում խնդրող յուրաքանչյուր ոք պետք է համապատասխան մարմիններին պաշտոնական հարցում ներկայացնի ընդունված ընթացակարգերին համապատասխան»։ Հարցումը պետք է ներկայացնի անձամբ Նեթանյահուն կամ նրա հարազատները, սակայն նրանք դեռ դա չեն արել, ըստ Times of Israel-ի։
Պարբերականը մանրամասնել է, որ նախագահն իրավունք ունի ներում շնորհել դատարանի կողմից դատապարտված անձանց, իսկ հազվադեպ դեպքերում՝ մինչև դատավարության ավարտը, բայց միայն այն դեպքում, եթե դա համարվի հանրային շահերից բխող:
Բենիամին Նեթանյահուի դեմ հետաքննությունը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերին, իսկ 2019 թվականին նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել մի քանի կոռուպցիոն գործով։ Նեթանյահուն հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները: