ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և նույն բաժնի ներկայացուցիչ Սոնյա Լոպեսին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ։
Կողմերն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներին, Քաջարանի թունելի և Գյումրին շրջանցող ճանապարհի կառուցման ծրագրերին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն երկրի տրանսպորտային կապերի զարգացման և երթևեկության ավելացող հոսքերի սպասարկման տեսանկյունից։
Երկուստեք ընդգծվել է, որ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։