ԱՄՆ Սենատի հանրապետականներն արգելափակել են այն բանաձևը, որը նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է հարձակվել Վենեսուելայի վրա՝ առանց Կոնգրեսի թույլտվության: Որոշումը կայացվել է այն բանից մեկ օր անց, երբ վարչակազմի պաշտոնյաները օրենսդիրներին վստահեցրել էին, որ Վաշինգտոնը ներկայումս չի պլանավորում հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքին, հաղորդում է Reuters-ը։
Փաստաթղթին աջակցել է Կոնգրեսի վերին պալատի 49 անդամ, դեմ են արտահայտվել 51-ը, հաստատման համար անհրաժեշտ է եղել ձայների մեծամասնությունը։
Բանաձևում նշվում է, որ Թրամփի վարչակազմը չպետք է թույլ տա ամերիկյան ուժերին մասնակցել «ռազմական գործողություններին Վենեսուելայում կամ Վենեսուելայի դեմ, առանց Կոնգրեսի թույլտվության»։ Փաստաթղթում ընդգծվում է, որ պատերազմ հայտարարելու իրավասություն ունի միայն օրենսդիր մարմինը։
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ սեպտեմբերի սկզբից ի վեր ԱՄՆ ուժերն առնվազն 16 հարված են հասցրել նավերին Խաղաղ օվկիանոսում և հարավային Կարիբյան ավազանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 65 մարդ։
Գործողությունների ձգձգումը մեծացրել է մտավախությունները, որ Թրամփը հարված կհասցնի հենց Վենեսուելային, ինչն էլ հանգեցրել է երկկուսակցական բանաձևի ներկայացմանը։