Թեհրանը խնդրում է Վաշինգտոնին վերացնել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, և ԱՄՆ վարչակազմը պատրաստ է լսել Իսլամական Հանրապետության իշխանություններին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Փետրվարի 4-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով վերականգնվում է Վաշինգտոնի առավելագույն ճնշումը Թեհրանի վրա։ Փաստաթուղթը, մասնավորապես, ուղղված է Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն։ Այն նաև կոչ է անում Վաշինգտոնին ակտիվացնել իրանական նավթի արտահանման կրճատմանն ուղղված ջանքերը։
«Իրանը հարցնում է, թե արդյոք պատժամիջոցները հնարավո՞ր է վերացնել։ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն շատ խիստ պատժամիջոցներ է կիրառում, և դա դժվարություններ է ստեղծում այդ երկրի համար անելու այն, ինչ ցանկանում է: Ես պատրաստ եմ լսել նրանց, տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նրա խոսքը մեջբերում Է Reuters-ը:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը դեռևս չի արձագանքել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին: Ընդ որում՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությունն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը «շարունակում է աջակցել Իսրայելին, ռազմակայաններ պահել և միջամտել Մերձավոր Արևելքի գործերին», հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ պատժամիջոցները ներառում են գրեթե ամբողջական առևտրային և ֆինանսական էմբարգո, որն արգելափակում է իրանական նավթի արտահանումը և երկրի բանկերի մուտքը համաշխարհային համակարգ: Սահմանափակվել են ներդրումները էներգետիկ ոլորտում, ռազմարդյունաբերական համալիրում, նպատակային պատժամիջոցներ են սահմանվել կոնկրետ անձանց ու կազմակերպությունների դեմ: