Բարձրագույն դատական խորհուրդը շվեդ գործընկերների հետ համատեղ Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի շրջանակում իրավական թեմաներ լուսաբանող լրագրողների համար երկօրյա աշխատաժողով է նախաձեռնել:
«Դատական իշխանության և ԶԼՄ-ի միջև հաղորդակցության բարելավման վերաբերյալ ԶԼՄ-ների արդյունավետ ներգրավման ռազմավարությունները» խորագրով աշխատաժողովը մեկնարկել է ԲԴԽ անդամ, վերոնշյալ ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ Երանուհի Թումանյանցի և ծրագրի համակարգող, ավագ դատավոր Բյորն Լինդենի ողջույնի խոսքով:
Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի իրավախորհրդատու և ծրագրի ղեկավար Լինա Վալլենբերգն արդյունավետ քննարկում է մաղթել՝ ընդգծելով մեդիայի կարևորությունը դատական իշխանության գործունեության լուսաբանման գործում:
Ավագ դատավոր Պատրիկ Ալմը և Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հաղորդակցման մասնագետ Յենս Մեթթսոնը ներկայացրել են դատարանների նկատմամբ հանրային վստահության բարձրացման շվեդական փորձը, պատասխանել լրագրողների հարցերին:
Լրագրողները հիմնականում հետաքրքրվել են դատավարական գործընթացներին ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության թույլատրելի կանոններով, դատավորի՝ հրապարակային խոսքի լուսաբանման առանձնահատկություններով և հասարակություն-լրագրողներ-դատարան հաղորդակցման առավել հաջողված ձևերի տեղայնացման հնարավորություններով:
Լրագրողները ԲԴԽ անդամներից, Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներից պարզաբանումներ և մանրամասներ են խնդրել Դատական դեպարտամենտի և դատարանների հետ հաղորդակցման կատարելագործման ուղղությամբ, էլեկտրոնային արդարադատության համակարգի գործարկման, դատարաններում լրագրողների աշխատանքային պայմանների և դատական գործերի որոնողական համակարգի վերաբերյալ:
Տարբեր առաջարկներ են հնչել Դատական դեպարտամենտի և դատարանների հետ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ:
Աշխատաժողովին մասնակցող հայ դատավորները ներկայացրել են դատավարական գործընթացին վերաբերող և դրան հաջորդող իրադարձությունների լուսաբանման վերաբերյալ իրենց մոտեցումները:
Աշխատաժողովի վաղվա օրակարգում է ԲԴԽ որոշմամբ ընդունված լրագրողների հետ արդյունավետ հաղորդակցմանն առնչվող կարգը, դատական իշխանության լուսաբանման մասին իրականացված վերլուծության արդյունքներն ու մի շարք մասնագիտական հարցեր: