Չորեքշաբթի բրիտանական ոստիկանությունը ևս երկու խուզարկություն է իրականացրել, երբ հայտնի է դարձել, որ վերջին շաբաթվա ընթացքում բանտից սխալմամբ ազատ են արձակել երկու բանտարկյալի՝ հայտնում է BBC-ն:
Ոստիկանությունը հայտնել է, որ սխալմունքը գրանցվել է Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող Վանդսվորթ բանտում, որտեղ անցյալ տարի հաստատվել էր կալանքի հատուկ ռեժիմ:
Միջադեպերը տեղի են ունեցել, երբ բրիտանական ոստիկանությունը երեք օր որոնել էր Հադուշ Քեբատային՝ եթովպացի ներգաղթյալին, որը մի քանի շաբաթ առաջ սխալմամբ ազատ էր արձակվել։ Նա ձերբակալվել էր Էսեքսի Էփինգ քաղաքի ապաստան փնտրողների հյուրանոցում 14-ամյա աղջկա և չափահաս կնոջ նկատմամբ ոտնձգություններ կատարելու համար։ Քեբատան կրկին ձերբակալվել է հոկտեմբերի 26-ին Լոնդոնի հյուսիսում գտնվող Ֆինսբերի Պարկում և արտաքսվել Եթովպիա։
Բանտային ծառայության վերջին զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Անգլիայում և Ուելսում սխալմամբ ազատ է արձակվել 262 բանտարկյալ, ինչը 128 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշները:
Պահպանողականների ներկայացուցիչները հայտարարել են, որ Լեյբորիստական կառավարությունը պետք է ստանձնի կատարվածի պատասխանատվությունը, քանի որ բանտարկյալների թվի կտրուկ աճն ուղղակիորեն կապված է որոշ բանտարկյալներին վաղաժամկետ ազատ արձակելու որոշման հետ՝ բանտերի գերբնակեցումից խուսափելու համար: