Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի միջոցով երկաթուղային կապի մեկնարկն իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը: Ալեքսեյ Օվերչուկը նշել է՝ Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև առաջին անգամ է հաստատվում երկաթուղային կապ։ Օվերչուկի խոսքով՝ այս իրադարձությունը նաև ցույց է տալիս Ռուսաստանի աշխատանքը տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման համար։
Օվերչուկն ընդգծել է՝ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի երկրների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների մուտքը Հայաստանի շուկաներ և բարելավում է ԵԱՏՄ շուկաներ հայ արտադրողների մուտքը։
«Խորհրդանշական է, որ այս ճանապարհով տեղափոխված առաջին բեռը ռուսական հացահատիկն էր, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը»,- հավելել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ նոր երկաթուղային գծի բացումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 և 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի արդյունքն է։
Օվերչուկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին՝ այս երթուղով փոխադրումների կազմակերպման գործում կառուցողական մասնակցության համար։
Իր հերթին, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը նշել է, որ մինչև 2026 թ. հունվարի վերջ այս երկաթուղային երթուղով Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն: Դիտարկվում է նաև այլ բեռների մատակարարման հնարավորությունը:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։