Ուզում եմ խոսել, թե ինչ է տեղի ունեցել մեր ուսուցիչների վարձատրությունների հետ 2025 թվականի սեպտեմբերի արդյունքներով: Այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում սեպտեմբերի դրությամբ կա 2118 ուսուցիչ, որը ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ, 109-ը՝ 500-ից 600 հազար, 22 ուսուցիչ՝ 600-700 հազար»,- նշեց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ 2 ուսուցիչ կա, որ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն է ստանում:
«Ես նախարարի հետ քննարկում եմ, ասում եմ այն, ինչ անում են մեր հարգելի երկու ուսուցիչները, սա ցանկացած ուսուցչի հասանելի գործընթա՞ց է, թե՞ ինչ-որ մի բան կա, որ հասանելի է բացառապես նշված երկու ուսուցիչներին, և, բնականաբար, նույնը հասանելի է նաև մյուս բոլոր ուսուցիչներին: Սա շատ կարևոր արձանագրում է: Այսինքն՝ այսօր ՀՀ-ում ուսուցիչը կարող է ստանալ 700 հազար դրամ և ավելի վարձատրություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է նաև, որ նոյեմբերի 8-ից սկսվում է ատեստավորման նոր շրջանը։
«Այսօր առավոտյան տեղեկացա, որ ավելի քան 800 ուսուցիչ դիմել է ատեստավորման համար, եթե հիշողությունս չի դավաճանում, սա դիմողների ամենամեծ թիվն է, որը մենք ունեցել ենք, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունը և վստահությունն ավելացել են: Սա շատ կարևոր գործոն է, ինչը նշանակում է, որ մենք հունվարի կամ դեկտեմբերի արդյունքներով աշխատավարձերի այս սանդղակում կունենանք թարմացումներ. հույս ունեմ, որ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կավելանա»,- ասաց վարչապետը: