Մոլդովայի նոր կառավարությունը որոշել է փակել Քիշնևում գտնվող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։ Որոշումը կայացվել է չորեքշաբթի՝ Ալեքսանդր Մունտյանուի գլխավորած նախարարների նոր կաբինետի առաջին նիստում։
Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը կամ «Ռուսական տունը» Քիշնևում բացվել է 1998 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Մոսկվայում ստորագրված ռուս-մոլդովական համաձայնագրի հիման վրա։ Այն ուժի մեջ է մտել 2001 թվականի հուլիսի 4-ին և պետք է կարգավորի երկու երկրում մշակութային կենտրոնների ստեղծումը՝ մշակութային, հումանիտար և գիտական կապերի զարգացման համար։
Մշակույթի նախարար Քրիստիան Ժարդանը պնդել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո «Ռուսաստանը Կենտրոնն օգտագործում է որպես գործիք Մոլդովայի դեմ հիբրիդային պատերազմում»։ «Համաձայնագրի հետագա կիրառումը այլևս հնարավոր չէ՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասել է նա։ Համաձայնագրի չեղարկման առաջարկ անելիս նախարարը նշել է, որ Մոլդովան Ռուսաստանում նմանատիպ մշակութային կենտրոն չունի։ Կառավարության որոշումն ընդունվել է միաձայն։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոլդովայի կառավարության որոշումը, հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանություններն «ափսոսանք են հայտնում» Քիշնևում «Ռուսական տան» մոտալուտ փակման համար և կարծում են, որ Մոլդովայի իշխանությունները «գիտակցաբար անտեսում են» իրենց քաղաքացիների շահերը։