Տրամաբանական է, որ եթե պետությունը պայքարում է ապօրինի թմրաշրջանառության դեմ, վիճակագրական առումով պիտի ունենանք դեպքերի հայտնաբերման աճ, այսինքն՝ տեսադաշտում պետք է հայտնվեն բոլոր այն դեպքերը, որոնք կապ ունեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ: Բնականաբար, մեր վիճակագրական պատկերում հենց այդպիսի իրավիճակ է արձանագրվում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 18,1 տոկոսով, պիտի նաև նշեմ, որ այստեղ առգրավումների էական փոփոխություն ունենք: Իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում 9 ամսվա հաշվարկով առգրավվել և ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կգ 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը կրկնակի ավելի է նախորդ նույն 9 ամսվա ժամանակահատվածի համադրությամբ: Նախորդ տարվա 9 ամսվա կտրվածքով մենք շրջանառությունից հանել էին շուրջ 205 կգ թմրամիջոց»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց՝ առգրավված թմրամիջոցներից 37 կգ 175 գրամը սինթետիկ տեսակի էին, ապա պարզաբանեց, որ այս թիվն առանձնացնում է, քանի որ մեծ ուշադրություն է դարձվում այն թմրամիջոցների դեմ պայքարին, որոնք մարդկանց առողջության վրա առավել մեծ ազդեցություն են ունենում:
«Ընդհանուր առմամբ միայն ոստիկանության կողմից հաշվետու ժամանակահատվածում՝ 9 ամսվա կտրվածքով, առգրավվել են 290 կգ 683 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը շուրջ 128 կգ-ով ավելի է նախորդ տարվա համադրությամբ հենց ոստիկանության արձանագրած ցուցանիշներից»,- ասաց նախարարը: