Հնդկաստանի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Indian Oil Corp (IOC), վերսկսում է ռուսական նավթի գնումները։ Ընկերությունը դեկտեմբեր ամսվա համար նավթի հինգ խմբաքանակ է գնել պատժամիջոցների չենթարկվող մատակարարներից, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով առևտրային աղբյուրներին։
Գնումների ընդհանուր ծավալը կազմում է 3,5 միլիոն բարել ռուսական ESPO տեսակի նավթ։ Գործակալության տվյալներով՝ դա նշանակում է, որ ընկերությունը վերսկսում է գնումները՝ չնայած Հնդկաստանի վրա Ռուսաստանից նավթի ներմուծումը դադարեցնելու ԱՄՆ-ի ճնշմանը:
IOC-ի ֆինանսական տնօրենն ավելի վաղ հայտարարել էր, որ կոնցեռնը կշարունակի ռուսական նավթ գնել, եթե մատակարարումները չեն խախտում միջազգային սահմանափակումները, հիշեցնում է Reuters-ը:
ԱՄՆ-ն հոկտեմբերի 22-ին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ պատճառաբանելով, որ Մոսկվան շահագրգռված չէ Ուկրաինայում հրահրած պատերազմին վերջ դնելով: Սև ցուցակում ներառված են Ռուսաստանի խոշորագույն նավթային ընկերություններից երկուսը՝ «Ռոսնեֆտը» և «Լուկօյլը», ինչպես նաև Ռուսաստանում գտնվող դրանց դուստր ձեռնարկությունները։ Խախտումների դեպքում ԱՄՆ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն «քաղաքացիական կամ քրեական պատժամիջոցներ»։
Որոշման հրապարակումից հետո հաղորդվել էր, որ Չինաստանը և Հնդկաստանը պատրաստվում են կտրուկ կրճատել ռուսական նավթի ներմուծումը: