«Նարեկ Կարապետյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարությունն այն մասին, թե իբր բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես՝
1. Իրենց կողմից բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ ՀԾԿՀ-ին չի ներկայացվել։ Ինչպես արդեն նշել ենք, 2025 թվականի հունիս ամսվա ՀԷՑ-ի առաջարկը ընդամենը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն և, զուգահեռաբար, կատարված ներդրումները փոխհատուցելուն, ինչը բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդում է ընդամենը 0.2 դրամով։
2. Ինչպես 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամի, այնպես էլ Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։ Այս տարվա լրացուցիչ օգուտները կամ նախորդ տարիների վնասները ձևավորվել են բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի պլանավորված և փաստացի մեծությունների տարբերության արդյունքում, որի հետ ՀԷՑ-ը որևէ առնչություն չունի։ Նմանատիպ տարբերությունները առաջանում են յուրաքանչյուր տարի և հաշվի են առնվում հաջորդ տարվա սակագների հաշվարկներում։
3. Նախորդ տարիներին ՀԷՑ-ի կողմից պարբերաբար ՀԾԿՀ են ներկայացվել առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում սպառողների էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանային։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին ՀԷՑ-ն առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, որը չի ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից։ Եթե առաջարկն ընդունվեր, ապա բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը կավելանար շուրջ 1.5 դրամով, իսկ միայն բնակչության սակագնի փոփոխության դեպքում՝ շուրջ 3 դրամով։
4. Սպառողների էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը չի կարող իրականացվել միայն Նարեկ Կարապետյանի նշած՝ լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով, այլ կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ։ Այս գործոնների գնահատման համար ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի՝ սեպտեմբերի 15-ից, ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի՝ սպառողի սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե՞ ոչ։
5. Եթե ՀԷՑ-ը ունենար սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ հունիսի 6-ին ՀԷՑ-ի անունից դիմել են ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով, ընդգծել՝ հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։ ՀԾԿՀ-ն արձագանքել է՝ նշելով, որ ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները: Կառույցի հայտարարության մեջ նշվում է, որ ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին՝ համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների հիման վրա: