2018-ից հետո Գյումրիում 43 մլրդ դրամի կապիտալ շինարարություն է իրականացվել ուղիղ կառավարության միջամտությամբ, որի մեջ ներառված են նաև զբոսաշրջային կլաստերի հատվածը, փողոցաշինությունը: Դրանք նպաստում են Գյումրու զբոսաշրջության զարգացմանը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
Ըստ մարզպետի՝ 2018 թվականից հետո Գյումրիում 12-13 մլրդ դրամի սահմաններում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, որոնք ևս նպաստել են Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը: Զբոսաշրջությունը խթանել են նաև դոտացիաները:
«2018-ից մինչև 2025 թվականը Գյումրիին 22 մլրդ դրամից ավելի դոտացիա է տրվել: 2018-ին Գյումրիի դոտացիան 1,9 մլրդ է եղել, 2026 թվականի բյուջեով 4,5 միլիարդ է:
Զբոսաշրջիկների թիվը Գյումրիում աննախադեպ աճի է հասել. դրա մասին է վկայում նաև տարբեր ենթակառուցվածքների զարգացումը:
Մենք 2018-ից առաջ չէինք էլ պատկերացնում, որ Գյումրիում կարելի է մի քանի միլիոն դոլարով շենք գնել կամ ներդրում անել միլիոնավոր դոլարների՝ հյուրանոցներ կամ զբոսաշրջային ենթակառուցվածքներ կառուցելու համար,- ասաց նա և պատկերավոր նկարագրեց իրավիճակը. - Զբոսաշրջության խարույկը, որ վառվել է Գյումրիում, պետք է պարբերաբար փայտ գցվի, որ այդ խարույկը չմարի: Աննախադեպ ծավալների աշխատանք է արվում»: