Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին է ուղարկել այն ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է, և կոչ է արել կանխել դրանց վերարտահանումը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակվել է ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ'Սալիվանի նամակը։
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ նախկինում Վրաստանի իշխանություններին են ուղարկել այն ապրանքների ցանկը (50 HS կոդ), որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է։
«Այդ ցանկը ներառում է կրկնակի նշանակության ապրանքներ և առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ենթակա են արտահանման սահմանափակումների, որոնք հայտնաբերվել են ռուսական ռազմական համակարգերում»»,- նշվում է նամակում։
Այժմ Եվրահանձնաժողովը կազմել է կրիտիկական նշանակություն ունեցող ապրանքների նոր ցուցակ, որում ներառված են պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, որոնք կարող են աջակցել Ռուսաստանի արդյունաբերական բազային։
«Նույնիսկ եթե դրանց մեծ մասը ավանդական կրկնակի նշանակության ապրանքներ չեն, այնուամենայնիվ վերաարտահանումը աջակցում է Ռուսաստանի տնտեսության հիմնական ոլորտներին։ Ես համոզիչ կերպով կոչ եմ անում ձեզ արգելել ԵՄ-ից ծագում ունեցող և ցուցակում նշված HS կոդերին համապատասխանող ապրանքների ցանկացած վերարտահանումը Ռուսաստան»,- ընդգծել է Օ'Սալիվանը։
Ըստ նրա՝ «չնայած Վրաստանն այդ ապրանքների խոշոր վերարտահանող չէ, տարածաշրջանի երկրներն արդեն գտել են այդ խնդիրը լուծելու ուղիները, սակայն վտանգ կա, որ Վրաստանը կդառնա այդ ապրանքների անօրինական առևտրի այլընտրանքային ուղի»։