Խնամքի և աջակցության միջազգային օրվա շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի հետ մասնակցել է «Գենդերային հավասարության խթանում և ներդրումներ խնամքի ոլորտում» խորագրով հանրային քննարկմանը։
Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության համատեղ նախաձեռնության շրջանակում քննարկվել են գենդերային հավասարության, խնամքի աշխատանքի, բոլոր ոլորտներում կանանց հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովմանն ուղղված մի շարք հարցեր․ քննարկման շրջանակում ընդգծվել է «արժանապատիվ աշխատանքի և խնամքի տնտեսության» բանաձևի կարևոր դերը՝ պետական զբաղվածության և խնամքի վերաբերյալ քաղաքականությունների ձևավորման գործում։
Իր ելույթում նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն իրականացնում է գենդերային հավասարության և կանանց հզորացման քաղաքականություն՝ հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի կարևորությունը՝ մանրամասնելով Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրում և Գենդերային քաղաքականության 2025-2028 թթ. ռազմավարությունում այս ուղղությամբ սահմանված գերակայությունները։