Արտաքին գործերի նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու համար մեղադրվողներից մարզիկ Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռով նա մեղավոր է ճանաչվել զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, ջարդ կամ հրկիզում իրականացնելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու հոդվածով:
Պատժի կրման սկիզբ կհամարվի 2023 թվականի փետրվարի 20-ը՝ կալանավորվելու օրը:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ավարտի օրը, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, Կառավարության շենքերը, իսկ Ազգային ժողովի հարակից տարածքում դաժան բռնության ենթարկվեց այդ ժամանակ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
Դատախազությունը պարզել էր, որ Ասատրյանը նախ երկու ոտքի հարվածով գետնին է տապալել Արարատ Միրզոյանին, ապա, հրելով թիկնապահներին՝ ոտքով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով Միրզոյանը կորցրել էր գիտակցությունը: