Չունենք որոշում՝ համաներում իրականացնելու, որովհետև կարծում ենք, որ յուրաքանչյուր ազատազրկված անձի նկատմամբ պետությունը պետք է անհատական մոտեցում դրսևորի և ոչ թե ինչ-որ պահի որոշի, որ պետք է իքս, իգրեկ, զեթ կատեգորիայի անձանց ազատ արձակել: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ պատասխանելով պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:
Նրա խոսքով՝ պետությունը պետք է որոշի ազատ արձակել նրանց, ովքեր անցել են վերասոցիալականացման ինչ-որ ճանապարհ:
«Դրա հետ կապված՝ ես այն տեսակետի կողմնակիցը չեմ, որ ասեմ՝ դե, միայն դատարաններն են որոշում պատժից պայմանական վաղաժամկետ ազատել անձին, թե ոչ; Իհարկե դա այդպես է, դատարաններն են որոշում, բայց մենք շատ անելիքներ ունենք այս առումով, և իրականում աշխատանքներն արվում են՝ անհատականացնելու կոնկրետ անձանց վերասոցիալականացման պլանները և գնահատման մեթոդիկաները:
Կարծում եմ՝ ապագայում մեր կատարած աշխատանքի շնորհիվ մեր կողմից դատարան ներկայացվող զեկույցների որակն էապես կբարձրանա, և դատարանները, մեր զեկույցների հետ հաշվի նստելով, ավելի շատ կկիրառեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործիքը, և քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման, ինչպես նաև մարդկանց կոնկրետ խնդիրները մենք ցանկանում ենք լուծել այդ ճանապարհով»,- ասաց Գալյանը:
Նա նշեց՝ մի շատ կարևոր գործընթացի մասին կցանկանար խոսել, որն անվտանգության գոտիների և պատժի կրման պայմանների փոփոխությանն է վերաբերում:
«Եթե ուսումնասիրեք վիճակագրական տվյալները, որոնք, ցավոք սրտի, իմ ձեռքի տակ չկան, տոկոսային հարաբերությամբ կարող եմ ասել, որ 50 տոկոսից ավելի աճ ունենք այն դեպքերի, երբ անձինք տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներով տեղափոխվել են պատժի ավելի մեղմ պայմաններ կրելու կամ ավելի մեղմ անվտանգային գոտի: Սա նշանակում է, որ Քրեակատարողական ծառայությունը որդեգրել է անհատական մոտեցում անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ, և այդ տեղաբաշխման հանձնաժողովի նիստերն ավելի հաճախ են տեղի ունենում: Իհարկե, մենք օրենսդրական ժամկետային սահմանափակումներ ունենք, բայց ուզում եմ, որ հանրությունը վստահ լինի՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպք մանրակրկիտ քննության առարկա է դարձվում, և մենք ավելի հակված ենք խրախուսելու նպատակով մարդկանց հնարավորություն ընձեռել՝ գնալ ավելի մեղմ անվտանգային գոտում իրենց պատիժը կրել շարունակելու»,- հայտնեց նախարարը: