Բոլոր հիմնական գրառումներում ես նշում եմ, որ Կտրիճ Ներսիսյանի գործունեությունը շարունակում է հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն: Այդ մասին լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«2020 թվականին, երբ հանդիպել եմ նրա հետ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն եմ ստացել: Ես գնացել եմ, ընդ որում՝ չէի ուզում գնալ: Այն ժամանակ Հայոց պատմություն և Հայ եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն: Ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին Հայոց պատմություն և առանձին Հայ եկեղեցու պատմություն, որովհետև դա ընդհանուր պատմություն է, իրենք ասում էին, որ դուք Եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք Եկեղեցու պատմությունը և այլն:
Իմ գործընկերներից մի քանիսը ասում էին՝ գուցե զրուցեք, հասկանաք՝ ինչ խնդիրներ են: Այդ զրույցի ընթացքում, ըստ էության, այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ. հնչում էին մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում Եկեղեցուն: Ասացի՝ մի օրինակ կարո՞ղ եք բերել, ասաց՝ այո՛, կարող եմ բերել: Կանչեց իր օգնականին, ասաց՝ մի հատ էն թուղթը բեր, օգնականը բերեց թուղթը, ասաց՝ դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում թիկունքում նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ՝ մեղա քեզ, Տեր Աստված: Ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, ասում եմ, իսկ կա՞ ապացույց, որ ես այդպիսի բան եմ արել: Ցուցադրում է մի նկար, որտեղ Գայանե Աբրահամյանի «Հոդված 3»-ում ինձ և Սուրեն Պապիկյանին, որն այն ժամանակ ՏԿԵ նախարար էր, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկմանը, որը վերաբերում էր հանրակրթությանը, նստեցրել են առաջին շարք, և ում վրա ինքը ցույց էր տալիս, նստած էր հետևի շարքում, մի տեղ, որը կապ չունի ո՛չ իմ, ո՛չ Սուրեն Պապիկյանի հետ: Ասում է՝ դու միջոցառում ես կազմակերպել և այսպիսի շարան, և այս մարդիկ, այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով, այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էին մթնոլորտ: Ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը, և այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգևորականներին կերակրում էր»,- նշեց նա:
Խոսելով հոգևորականի վերաբերյալ շրջանառվող տեսանյութերի մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ դրանց արտահոսքերի հետ իշխանությունը կապ չունի:
Ինչ վերաբերում է Կտրիճ Ներսիսյանի հեռանալուն, նա նշեց, որ Հովհաննավանքի պատարագները այդ գործընթացի մի մասն են կազմում:
«Վարչապետը շատ հստակ արտահայտվել է այս ամենի մասին և ասել է, որ ինքը որպես իշխանություն չի հանդես գալիս այս գործընթացում, այլ հավատավոր քրիստոնյա՝ այստեղից բխող բոլոր արդյունքներով»: