Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում այսօրվանից մեկնարկում են «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները: Քննարկումները կտևեն մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ:
Մինչև նիստի հիմնական օրակարգին անցնելը պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ դեմ ուղղված ոճրագործության զոհերի հիշատակը:
26 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 27-ը, դարձավ հայոց նորագույն պատմության ամենասև էջերից մեկը: 1999 թվականի այս օրն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթերով: Երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ներխուժած մի խումբ հանցագործներ գնդակահարեցին բարձրաստիճան պետական այրերի:
Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: