ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Առանցքում Աշխատանքային օրենսգրում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն էր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծն առնչվում է աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզմի ներդրմանը: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսվում է ավելի հեշտացնել աշխատողների համար իրենց ենթադրյալ աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմը: Օրենքի նախագծով քաղաքացուն ընձեռվում է ընտրության հնարավորություն՝ դիմելու դատարան կամ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողով:
Քննարկման ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրին իրենց մշակած մոդելները կառույցի վերաբերյալ: Ըստ այդ առաջարկների՝ այն պետք է լինի առանձին կառույց կամ էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կամ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կազմում:
Հանձնաժողովի կազմը և այլ առաջարկներ ու խնդիրներ կքննարկվեն առաջիկա հանդիպումների ընթացքում:
Հանդիպմանը մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, արհմիությունների, գործատուների միության և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: