Հոկտեմբերի 27-ի մասին իմ դժգոհությունը ոչ թե որևէ մի անձից է, այլ այն կառույցից, որը պետք է վերահսկեր էս բացահայտման ամբողջ գործընթացը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ես գիտեմ, որ մեր ձեռքում կան պարոն Ջհանգիրյանի իրականացրած քննչական խմբի բավականին լուրջ նյութեր, որը հիմք է հանդիսանալու հոկտեմբերի 27-ի բացահայտմանը: Ես գիտեմ, որ ներկայիս գործող խումբը շատ լավ ծանոթացել է այդ նյութերին, և ինչքան հասկանում եմ, չի կարող գոնե փորձագիտական շփումներ չունենալ պարոն Ջհանգիրյանի և քննչական խմբի մյուս անդամների հետ»,- ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց` արձանագրված է, որ հոկտեմբերի 27-ի բացահայտման համար բոլոր հիմքերը, բոլոր ճանապարհները կան, և դրանք շուտ թե ուշ իրենց արդյունքը տալու են։
«Ո՞ւր է Ալիկ (Ալեքսան) Հարությունյանը, Ուզունյանը փախավ, ո՞ւր է Աղվան Գառնիկիչը՝ գլխավոր մեղադրողը. ողջ-առողջ պտտվում է թանկարժեք մեքենաներով»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:
«Չեք զգում, թե դա ի՛նչ արժեցավ մեր պետության համար և չբացահայտված լինելը ի՞նչ է արժենում մեր երկրի համար: Էս տարի էլ էլի նույն հարցն է գալիս՝ ինչ կլիներ, եթե հոկտեմբերի 27 չլիներ, շատ լավ կլիներ, բայց նաև հոկտեմբերի 27-ի բացահայտումը մեզ հնարավորություն է տալիս առաջ շարժվելու:
Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար բոլոր պայմաններն այսօր էլ առկա են: Շատերը մահացան անհասկանալի մահով: Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, և եթե այս տարի էլ չի բացահայտվում, մեր ակնկալիքները մնում են հեռվում, բայց երբ որ ասում եմ՝ Գլխավոր դատախազությունն ունի անելիք, թող չնեղանա որևէ մեկը»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: