2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253,4 միլիարդ դրամով կամ 8,9 տոկոսով: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ իր ելույթում:
Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել, թե 2026-ին ինչ առանձնահատուկ ծրագրեր ունենք, բացի այն սովորական ծրագրերից, որ պետք է բյուջեով ապահովել:
Վարչապետը հայտնեց՝ ամենակարևոր նորություններից մեկն այն է, որ կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, ու 2026-ին քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետև ծախսերն ամբողջությամբ կանի Կառավարությունը՝ ադապտացիոն այս շրջանում:
«Կառավարությունը հետագայում նախատեսում է, որ պետք է ապահովի, օրինակ, մինչև 18 տարեկան երեխաների և 65-ից բարձր թոշակառուների և որոշակի սոցիալական խմբերի առողջության ապահովագրությունը: Որոշակի սոցիալական խմբեր ասելով՝ պետք է նկատի ունենալ նաև, որ մենք անապահովության գնահատման համակարգերը փոխում ենք, և այդ համակարգերի փոփոխության հայեցակարգային իմաստը և նպատակն այն է, որ մարդուն ոչ թե քաջալերենք չաշխատել, այլ աշխատել»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ սոցիալական ապահովության թեման շատ է շահարկվում, և դա է նաև պատճառը, որ իրենք հայտարարում են՝ կրթությունն է մեր ռազմավարությունը:
«Կան մարդիկ, որոնք աշխատում են, բայց սոցիալական մինիմում չեն կարողանում ապահովել: Այստեղ էլ է խնդիրը կրթության մեջ, որովհետև այդ մարդիկ օբյեկտիվորեն չունեն որակավորում ավելի բարձր աշխատավարձ ապահովող սեգմենտներում աշխատելու»,- նշեց նա:
Վարչապետը կարևոր համարեց նշել՝ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է ԼՂ մեր հայրենակիցների բնակապահովման և այլ կարիքների ու խնդիրների հասցեագրման համար: