Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, քանի որ հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրություններն ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը:
«Սա, ըստ էության, առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է, համենայնդեպս,Կառավարության տեսակետից, բայց ոչ միայն Կառավարության տեսակետից: Պիտի ընդգծեմ, որ հարցը այդպես է և՛ Կառավարության տեսակետից, և՛ պատմական, և՛ բոլոր հնարավոր մյուս տեսակետներից:
Այսինքն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետևյալն է կամ անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը, հակառակը՝ Հայաստանը հետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ»,- հայտարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, պետությանը:
Վարչապետի խոսքով՝ ինքը խուսափում է հիմա ասել, որ ժողովուրդը տեր կկանգնի նաև իր ապագային, որովհետև կարծում է՝ ապագան հիմա է:
«Սովորաբար ապագան ընկալում ենք որպես հեռավոր մի բան, բայց քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում, 2021-ին կառավարող քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց «Ապագա կա» կարգախոսով: Հիմա մենք ապրում ենք այդ ապագայի մեջ: Սա է ապագան, որի մասին մենք խոսում էինք, հարգելի՛ գործընկերներ: Ապագան այլևս վաղը չէ, այն այսօր է»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ շատ կարևոր է ապագայի մասին մեր պատկերացումները փոխել: