«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի և Չինաստանի դեսպանության համագործակցության շնորհիվ «Կրթվելը նորաձև Է» շարժման 5 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը գտնվում է Չինաստանի Ցզյանսի նահանգում՝ մասնակցելու «Ռուսախոս երկրների կանանց առաջնորդության զարգացման» միջազգային սեմինարին։
Նրանց խոսքով՝ օրերն անցնում են հագեցած օրակարգով՝ կրթական, մշակութային և առաջնորդության կարողությունների զարգացման բազմաբովանդակ միջոցառումներով։ Սեմինարի մասնակիցները տարբեր ոլորտների, տարբեր մասնագիտությունների տեր կանայք են, ովքեր այս օրերին ակտիվորեն ներկայացնում են Հայաստանը միջազգային հարթակում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, կապեր և հնարավորություններ։
Ծրագրի մեկնարկային օրը մասնակիցները ծանոթացան սեմինարի այլ պատվիրակների հետ, ինչպես նաև, հանդես եկան յուրօրինակ շնորհանդեսով՝ ներկայացնելով Հայաստանի ազգային գույներն ու արժեքները։
Հաջորդող օրերը էլ ավելի խիտ, բայց տպավորիչ են եղել. պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի ազգային առանձնահատկություններին նվիրված սեմինարին, որտեղ ներկայացվել են երկրի սոցիալ-մշակութային զարգացումները։ Սեմինարներ եղել են նաև հետևյալ թեմաներով՝ կանանց ներգրավվածությունը քաղաքական ոլորտում, «Կնոջ կրթությունը և կարիերան» և այլն: Մասնակիցներին հատկապես տպավորել է այցը Ցզյանսի նահանգի «Մոր և մանկան» հիվանդանոց, կանանց և երեխաների առողջապահական ծառայությունների կազմակերպման առանձնահատկությունները։
Ուսուցողական այցերի շարքում է եղել նաև փորձի ուսումնասիրում Խունցզին գյուղում, որտեղ ծանոթացել են շրջանների վերածննդի մոդելին։ Այնուհետև իրականացվել է մշակութային այց դեպի Վանշոու պատմական տաճար, որտեղ մասնակիցները բացահայտել են տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։
«Իմ քայլը» հիմնադրամը՝ ի դեմս գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, շարունակում է խթանել կրթության դերն ու միջազգային փորձի փոխանակումը` որպես կայուն զարգացման հիմնական գործոն։ Այս սեմինարը ևս մեկ ապացույց է այն համոզմունքի, որ կրթական ներդրումը մարդկային կապիտալի մեջ ամենակայունն ու երկարաժամկետն է։
Առաջիկայում հիմնադրամը կշարունակի ներկայացնել սեմինարի ընթացքը, այցերը և մասնակիցների փորձառությունները։