Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ստիպել են նաև Հնդկաստանին վերանայել իր ներմուծումը։ Հնդկական Reliance Industries խոշորագույն մասնավոր ընկերությունը, որը ռուսական նավթի հիմնական գնորդն է, ծրագրում է կրճատել կամ ամբողջությամբ դադարեցնել ներմուծումը։ Իսկ Indian Oil, Bharat Petroleum և Hindustan Petroleum պետական կորպորացիաներն այժմ ստուգում են պայմանագրերը՝ համոզվելու համար, որ մատակարարումներն ուղղակի չեն ստացվում «Ռոսնեֆտից» և «Լուկօյլից»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը, որը Չինաստանի հետ միասին մնում է ռուսական նավթի խոշորագույն ներկրողը, խոստացել է դադարեցնել վառելիքի գնումը Ռուսաստանից։ Ի պատասխան՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ իր երկիրը էներգակիրներ ներմուծելիս հիմնվում է սպառողների շահերի պաշտպանության վրա։
Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիուշ Գոյալն էլ հայտարարել է, որ Դելին չի պատրաստվում Վաշինգտոնի ճնշման ներքո ԱՄՆ-ի հետ հապճեպ առևտրային համաձայնագիր կնքել: Նրա խոսքով՝ Հնդկաստանի իշխանություններն ուսումնասիրում են առևտրային սահմանափակումները հաղթահարելու ուղիները, նոր շուկաներ են փնտրում, դիմում են ներքին պահանջարկին:
Միևնույն ժամանակ, Հնդկաստանի կառավարության անանուն պաշտոնյան Bloomberg-ին ասել է, որ Հնդկաստանը և ԱՄՆ-ն մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը։ Աղբյուրը պնդել է, որ բանակցողները լուծել են իրենց տարաձայնությունների մեծ մասը, սակայն համաձայնագիրը դեռ պետք է հաստատեն երկու երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունները։