ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հորդանան գետի Արևմտյան ափն Իսրայելին բռնակցելու առաջարկը, որն աջակցություն էր ստացել հրեական պետության խորհրդարանում կայացած նախնական քվեարկության ժամանակ, տեղին չէր:
«Արևմտյան ափը չի բռնակցվի Իսրայելին։ Դա կշարունակի լինել մեր դիրքորոշումը, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է խորհրդանշական քվեարկություններ անցկացնել, ապա նրանք կարող են, բայց դա մեզ, միանշանակ, դուր չի գալիս»,- նշել է Վենսը:
Նա լրագրողներին նաև ասել է, որ չնայած կողմերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը, այն, ընդհանուր առմամբ, պահպանվում է: Փոխնախագահի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ այս փուլում անհրաժեշտ է այն կայուն դարձնել: Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ը կապի մեջ է ՀԱՄԱՍ շարժման հետ, սակայն շփումները հիմնականում տեղի են ունենում արաբական պետությունների միջնորդությամբ:
Նախօրեին Վենսը հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։