Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Բրենդլիդեր» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող կիսֆաբրիկատների, հրուշակեղենի և լավաշի արտադրամասում (Երևան, Նուբարաշեն):
-
արտադրական շինության հատակներն ունեցել են վնասված հատվածներ, ինչը թույլ չի տվել իրականացնել պատշաճ լվացման ու ախտահանման աշխատանքներ,
-
առաստաղները չեն բացառել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը,
-
պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,
-
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, ունեցել են կոռոզիայի հետքեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: