Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ամբողջական և ավարտուն տեսք ստանալն է, որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշահամալիրի հետ, ինչի արդյունքում նաև կյանքի կկոչվի թամանյանական և ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը։
«Նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն արդեն քաղաքապետարանին պատկանող նոր՝ 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան՝ նոր ցուցասրահներով հագեցած, պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հարակից տարածքն էլ կբարեկարգվի և կկանաչապատվի, կձևավորվի մշակութային և ժամանցային նոր հանգույց մոտավորապես 30 հազար քմ-ից ավելի տարածքով, իսկ հարակից 4.6 հա տարածքում կտրվի հնարավորություն ընկերությանը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու, որը ինտեգրելով՝ առկա բնական և ճարտարապետական միջավայրի հետ ներդաշնակորեն կհամալրեն ամբողջական տարածքը։
Սա ընդհանուր կոնցեպտն է, բայց ես ուզում եմ մի փոքր պատմել պրոցեսի մասին, որովհետև այս պատմությունը տասնամյակների չլուծված խնդիր է, և փոսորակն էլ մոտավորապես 2007 թվականից փորված է և տեղից չի շարժվել։ 2007 կամ 2006 թվականին այն ժամանակ Գաֆեսճյան հիմնադրամը նախաձեռնել էր այդ տարածքի կառուցապատման ծրագրի մրցույթ, այդ մրցույթն անցել էր, և մասնակցել էին տարբեր խոշոր ճարտարապետական ընկերություններ, բայց, փաստացի, նրանցից ոչ ոք չէր ընտրվել, ընտրվել էր նյույորքյան մի ճարտարապետական ընկերություն շատ տաղանդավոր ճարտարապետով, և նույնիսկ շինարարությունը սկսվել էր 2007 թվականին, ֆինանսական ճգնաժամի ժամանակ արդեն՝ 2008 թվականին, համալիրի կառուցումը կանգնեցվել էր, և մինչ այսօր, փաստացի, ունեինք այն վիճակը, ինչ ունեինք։ Ունեինք այդ նախագիծը, նախագծեր՝ հայ ճարտարապետների կողմից առաջարկվող։ Ճարտարապետական հանրության հետ երկար բանավեճերից, քննարկումներից հետո մենք հասկացանք, որ ճարտարապետների շրջանում հարցը լուծում չի կարող ստանալ, որովհետև Կասկադը երևի այն տարածքն է, որի վերաբերյալ ամեն մեկս ունենք մեր ուրույն դիրքորոշումը և տեսակետը, և հարցը որոշվեց դնել քվեարկության։
Մարդիկ «Ակտիվ քաղաքացի» հարթակով քվեարկեցին 2 ճարտարապետական լուծման համար՝ նյույորքյան՝ 2007 թվականի նախագծի, և ֆրանսիական ճարտարապետական ընկերության կողմից առաջարկվող նախագծերի։ Արդյունքում հաղթել է ֆրանսիական ճարտարապետական նախագիծը։ Հաղթող ընկերությունը առաջարկել է կենտրոնական հատվածում 20 միլիարդ 46 միլիոն դրամ։ Բացի դրանից՝ կառուցապատող ընկերությունը նաև Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 միլիարդ 449 միլիոն դրամ հողի կադաստրային արժեքի չափով և իրականացնելու է կանաչապատման աշխատանքներ։ Երևանի սրտում կկառուցվի Կասկադի համալիրի բացակայող հատվածը, և այդ հատվածը կստանա ամբողջական տեսք՝ միացնելով ստորին և վերին հատվածները»,- ասաց նա։
«Կասկադը կունենա այս տեսքը: Կառավարությունն այսօր կարևոր որոշում կայացրեց: Հարյուր տարվա կիսատ վիճակին վերջ կդրվի»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու կից լուսանկար հրապարակել: