Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել ենք մեր երկկողմ օրակարգին վերաբերող բազմաթիվ հարցեր, և, ընդհանուր առմամբ, մեր ըմբռնումը եղել է հետևյալի շուրջ, որ երկու երկրների կառավարությունները և վարչապետները վճռական են, այդ թվում՝ տնտեսական սխեմաներում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, և նաև մենք պետք է համագործակցենք խնդիրները ավելի լավ հասկանալու համար, ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բարգրատյանի հարցին:
«Ես կարծում եմ՝ այդ խոսակցությունը շատ օգտակար էր, և մենք պետք է մի բան արձանագրենք, որ մենք ընդհանրապես մեր տնտեսությունը և մեր կյանքը պետք է բերենք ստանդարտի, և սա վերաբերում է ամեն ինչին, որովհետև երբ մեր կյանքը և մեր պրոցեսները ստանդարտից դուրս են, իրենք ուղղակի կամ անուղղակի հիմա կամ հետո մեզ համար առաջացնելու են խնդիրներ»,- նշեց նա:
Վարչապետը շեշտեց, որ ստանդարտների չհամապատասխանող ապրանքները շրջանառվում են մեր սուվերենության հաշվին: «Այսինքն՝ ստանդարտներին չհամապատասխող ապրանքների գոյությունը լծակ է մեր սուվերենությունը սահմանափակելու: 2018-ից ես ամեն ամիս ասում եմ՝ պետք է մեր մտածողությունն էլ փոխենք: Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, ոնց որ Դիլիջանում չի կարող ջերմուկ արտադրվել»,- ասաց նա: