Մենք պետք է մի բան հասկանանք՝ ինչ է ուզում ադրբեջանական կողմը, և ինչ ենք ուզում մենք: Մենք ուզում ենք, որ հակամարտության հարցը մեկընդմիշտ փակվի, իրենք նույնպես: Իրենք էլ են ուզում ապագայի համար բոլոր թղթերը ունենալ: Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:
«Իրենց ցանկությունը հետևյալն է՝ իրենք ցանկանում են, որ 10-20 տարի հետո ինչ-որ մի երրորդ արտաքին ուժ չփորձի էլի երկու նախկին խորհրդային երկրները իրար հետ կռվացնել: Իրենց միտումը դա է»,- հայտարարեց Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող նախապայմաններին:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի ընկալմամբ՝ մենք 30 տարի իրենց տարածքի 20 տոկոսը և ավելին օկուպացված ենք պահել:
«Որպեսզի դիմացինի հետ երկխոսություն տեղի ունենա, պետք է հասկանալ նրանց դիրքորոշումը, իսկ նրանց դիրքորոշումը հետևյալն է. հրահրվել է միջազգային բախում, որ այդ բախման ֆոնին Խորհրդային Միության փլուզման թեման դառնա երկրորդական, և այդ հրահրման հետևանքով հայկական զորքերը ռուսական զորքերի աջակցությամբ գրավել են իրենց տարածքի 20 տոկոսը: Հիմա մենք կարող ենք վիճել այս պնդման հետ, բայց պետք է հասկանանք նրանց ընկալումը: Ես ձեզ ներկայացնում եմ ոչ թե այն, ինչ ես եմ մտածում, այլ այն, ինչ խոսակցություն կա ընդհանուր առմամբ այդ շրջանակներում»,- նշեց Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Ժնևում անցկացված Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
Քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել էին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Զրուցակիցներն ընդգծել էին կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը: