ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ԱԺ ամբիոնից հարց ուղղեց ընդդիմադիր գործընկերներին:
Նա հիշեցրեց՝ երեկ պարզ դարձավ, որ վերջին 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան:
Պատգամավորի խոսքով՝ ինքը երեկվանից կարդում է արձագանքները ու զարմանում է՝ ոնց որ վատ բան է տեղի ունեցել:
«Հիմա ուզում եմ հարց տալ, քանի որ առավել ևս ձեր խմբակցության մեջ մարդիկ կան, որոնք պետական պաշտոններ են զբաղեցրել, այդ թվում՝ տնտեսական, միջազգային հարաբերությունների ոլորտում՝ պարո՛ն Մինասյան, պարո՛ն Խաչատրյան, պարո՛ն Ավետիսյան, պարո՛ն Ռուստամյան, պարո՛ն Գևորգյան: Խնդրում եմ վեր կենալ և ուղիղ՝ առանց մանևրելու ասե՛ք՝ տեղի ունեցածը Հայաստանի համար դրակա՞ն զարգացում է, թե՞ ոչ»,- ասաց Թունյանը:
«Միանում եմ հարցադրմանը»,- տեղից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ապա նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ:
«Պարոն Թունյանը ոգեշնչեց ինձ, որովհետև կարծում եմ՝ իր հարցադրումը պետք է ավելի զարգացնել: Ես ավելի հեռուն գնամ: Եթե ես ճիշտ եմ հիշում, Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը հայտարարում էր միակողմանի զիջում, որ իբր Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, իսկ Հայաստանը ոչինչ չի ստանալու»,- նշեց Ռուբինյանը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր՝ ինչ իմաստ ունի այդ ամենը, եթե Հայաստանը դեպի Իրան ու Ռուսաստան կապ չի ստանալու:
Նրա խոսքով՝ հիմա միակողմանի զիջելը ոնց է ստացվում, եթե կարողանալու ենք ցորեն ներկրել Ղազախստանից:
«Դա միակողմանի զիջո՞ւմ է մեր կողմից: Հարցն այն է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա, և ես կարծում եմ՝ երեկվա հայտարարվածն ու տեղի ունենալիքը իրապես հեղափոխական են»,- հարց ուղղեց Ռուբինյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցադրմանը, ասաց՝ առաջին պահին այնպիսի տպավորություն էր, թե ցորենը Ադրբեջանից Հայաստան է գալու երկաթգծով, մտնի Իջևան, սակայն իրականում գալու է հասնելու է Վրաստան, այնտեղից հետո՝ Հայաստան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ևս արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցադրմանը. «Մեր պահանջն է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակում, բոլո՛ր: Դա ներառում է Հայաստան-Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապահի ապաշրջափակումը: Երբեք մենք չենք խոսել ապաշրջափակման դեմ»:
Հիշեցնենք՝ ՀՀ-ն ողջունել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը՝ դեպի ՀՀ բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: