Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի խոսքով՝ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում նախաձեռնել են օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկում են էլեկտրոնային եղանակով գործարքների կնքում, եթե խոսքը վերաբերում է խառը պայմանագրերին:
«Այս նախագծով հնարավորություն ենք ընձեռում դրանք կնքելու առանց նոտարական կարգով վավերացման»,- պարզաբանեց Ղազարյանը:
Ըստ նրա՝ այս պայմանագրերի կնքման արդյունքում արդեն պետական գրանցման դիմումները ներկայացվելու են համապատասխանաբար բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից, որոնք Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում լինելու են հաշվառված, և այդ կարգը նույնպես սահմանվելու է Կառավարության որոշմամբ:
«Պատկերացրեք՝ քաղաքացիները, չլինելով ՀՀ-ում, լինելով աշխարհի ցանկացած վայրում, հնարավորություն են ունենալու այս նախագիծը կյանքի կոչելու արդյունքում կնքելու գործարքները ցանկացած վայրից և ստանալու իրենց գրանցման վկայականները՝ կլինի դա գնման իրավունքի վկայական, թե սեփականության իրավունքի վերաբերյալ»,- նշեց Ղազարյանը:
Նա ընդգծեց՝ խոսքը իմպերատիվ կարգավորման մասին չէ, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին կցանկանա իր գործարքը կնքել նոտարական վավերացմամբ, ապա վերջինս այս նախագծի արդյունքում չի զրկվում այդ հնարավորությունից, պարզապես ունենում է ընտրության հնարավորություն՝ կամ կնքելու Կառավարության սահմանած տիպային ձևով պայմանագիրը՝ առանց նոտարական վավերացման, կա՛մ գնալ նոտար և ունենալ նոտարական վավերացմամբ պայմանագիր: