Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ Գործարար կապերի ֆրանկոֆոնիայի ֆորումի հետ համատեղ դեսպանությունում կազմակերպել է «Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հանդիպում»։ Միջոցառմանը մասնակցել են ֆրանսիական տնտեսական ու գործարար շրջանակների ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Բացման խոսքով հանդես է եկել Գործարար կապերի ֆրանկոֆոնիայի ֆորումի նախագահ, BRED Banque Populaire ֆրանսիական բանկի վարչական խորհրդի նախագահ Ստեվ Ժանտիլին։
Այնուհետ զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, ով ներկայացրել է Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակը։ Դեսպանը անդրադարձել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, որով նշանավորվում է տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Ընդգծել է, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը՝ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանան տնտեսական աճի և կայունության համար։
Անդրադարձ է եղել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին ու զարգացման միտումներին, Հայաստանի տնտեսության առաջատար ուղղություններին, Հայաստանում ներդրումներ իրականացնելու համար բարենպաստ պայմաններին։ Արման Խաչատրյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության, մասնավորապես՝ ռազմավարական նշանակություն ունեցող համատեղ ծրագրերի, Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների գործունեության, երկու երկրների միջև առևտրաշրջանառության, ինչպես նաև գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ նա առանձնացրել է 2027 թվականին Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացումը, ինչպես նաև անդրադարձել կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությանը, անդամ երկրների հետ տնտեսական կապերին։
Ելույթներ են ունեցել նաև տնտեսագիտության ու ֆինանսների հարցերով խորհրդատու Նելլի Սարկիսյանը և Ֆրանսիայում «Արդշինբանկի» ներկայացուցիչ Գեորգի Հարությունյանը։
Հանդիպման ավարտին մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսներին։