Հնդկաստանի արտգործնախարարությունն արձագանքել է նավթի գնման հետ կապված՝ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ նշելով՝ իրենց համար առաջնահերթ է հնդիկ սպառողների շահերի պաշտպանությունը:
«Դա ներառում է էներգիայի մեր աղբյուրների ընդլայնում և դիվերսիֆիկացում»,- նշել է գերատեսչությունը՝ հավելելով՝ ԱՄՆ վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերել Հնդկաստանի հետ էներգետիկ ոլորտում գործակցությունը խորացնելու գործում, այժմ քննարկումներ են ընթանում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումները:
«Նա այսօր ինձ վստահեցրեց, որ Ռուսաստանից նավթ չեն գնի: Դա մեծ քայլ է: Հիմա ես պատրաստվում եմ համոզել Չինաստանին նույնն անել»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ գնումների դադարեցումը տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում. դա գործընթաց է, որը շուտով կավարտվի։