ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Նախարարը շնորհավորել է հյուրերին FAO-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ կազմակերպությունը մշտապես եղել է Հայաստանի կարևոր գործընկերը գյուղատնտեսության զարգացման և պարենային անվտանգության ապահովման գործում։
Կողմերը կարևորել են FAO-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսության ոլորտում թվայնացման գործընթացները, ինչպես նաև պարենային համակարգերի վերափոխման նախաձեռնություններ։ Անդրադարձ է կատարվել ընթացիկ համագործակցության արդյունքներին և հետագա աշխատանքներին՝ Հայաստանի 2026-2030 թթ. Երկրի ծրագրային շրջանակի համատեքստում։
Քննարվկել են գյուղատնտեսական արժեշղթայի կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքները, պարենային անվտանգության միջոցառումների ընդլայնման, ինչպես նաև կլիմայի փոփոխության պայմաններում դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերը։
Կողմերը շեշտել են նորարարական լուծումների և միջազգային լավագույն փորձի կիրառման կարևորությունը՝ ընդգծելով, որ դրանք կարող են նպաստել նախաձեռնությունների արդյունավետ իրագործմանը և երկարաժամկետ կայունությանը։