Սպիտակ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը` վերանորոգված ու վերազինված, հոկտեմբերի 10-ին շահագործման է հանձնվել. 2021 թվականին հիմնադրված հենակետը վերանորոգվել է Volfire ծրագիրի շրջանակում՝ Ավստրիական Զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Մեծ Պառնիում տեղակայված կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման արարողությանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ավստրիական Կարմիր խաչի, Ավստրիական Զարգացման գործակալության, Հայկական Կարմիր խաչի, մարզային և համայնքային իշխանությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հենակետի վերազինման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաև կազմակերպել է կամավորների վերապատրաստում և որակավորման քննություններ։ Աջակցություն են ցուցաբերել նաև Լոռու մարզապետարանը, Սպիտակի համայնքապետարանն ու Հայկական Կարմիր խաչը։
Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը շնորհակալություն հայտնելով կամավորներին և հենակետի վերնորոգման, վերազինման գործում իրենց ներդրումն ունեցող կառույցների ներկայացուցիչներին՝ ընդգծել է կամավորական մշակույթի զարգացման ուղղությամբ գործնական քայլերը։
Ավստրիական Կարմիր խաչի ծրագրի ղեկավար Թիերի Ժերարը, շնորհավորելով հենակետի կամավորներին, նշել է, որ ավստրիական ընկերությունն այս կերպ աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքին։

ՆԳՆ Փրկարար ծառայության ներկայացուցիչները որակավորված կամավորներին հանձնել են կրծքանշաններ:
Փրկարարի որակավորմանն արժանացած կամավորները վարժանքի միջոցով ցուցադրել են ճգնաժամային իրավիճակներում մասնագիտական հմտությունները։
Համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական ինստիտուտի ներդրումը բնակչության անվտանգության ապահովման, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համատեքստում կարևոր քայլ է։