ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ BRICS-ի երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու իր սպառնալիքները ազդեցություն են ունեցել։ Նա այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը իր արգենտինացի գործընկեր Խավիեր Միլեյի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Թրամփի՝ BRICS-ի երկրները վարում են «դոլարի դեմ պայքարի» քաղաքականություն։ Նա պնդել է, որ միությունը հակաամերիկյան է և քայլեր է ձեռնարկում դոլարին զրկելու համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակից։
«Ես ասացի. «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է լինել BRICS-ում, դա նորմալ է, բայց մենք մաքսատուրքեր կսահմանենք ձեր երկրի նկատմամբ», և այժմ բոլորը հեռանում են BRICS-ից»,- հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։
Կրեմլն արձագանքել է Թրամփի հայտարարությանը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ տեղյակ չէ ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով BRICS երկրների՝ խմբից դուրս գալու մտադրության մասին։ Պեսկովը BRICS-ը բնութագրել է որպես այն երկրների միավորում, որոնք կիսում են համագործակցության հեռանկարների ընդհանուր տեսլականը՝ ի շահ իրենց ժողովուրդների:
Ներկայումս BRICS-ը բաղկացած է 10 երկրից։ Դրանք են՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, ԱՄԷ-ն, Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Ինդոնեզիան: 2024 թվականի նոյեմբերին Բելառուսը դարձավ գործընկեր երկիր, Ղազախստանը այդ կարգավիճակը ստացավ այս տարի: