ՀՀ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 1-ի 1775 որոշման կատարման անհրաժեշտությունից: Առաջարկվում է գործող օրենքի 12-րդ հոդվածից հանել մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները:
««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հիմնական զեկուցողի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարության կողմից ստացվել են իրավական տեխնիկային առնչվող առաջարկություններ, որոնց հիման վրա լրամշակված տարբերակն է ներկայացվել քննարկման:
Նախագծի ընդունման արդյունքում կամրագրվեն որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի լիազորությունները:
Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
Հաստատվել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2025-2026 թվականների տարեկան ժամանակացույցը: