ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Իսրայել, որտեղ ելույթ կունենա Քնեսեթում: Ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Գազայում պատերազմն ավարտվել է, և Մերձավոր Արևելքում իրավիճակը կկարգավորվի: Թրամփի այցին ընդառաջ Թել Ավիվի լողափին մեծ տառերով գրել են «շնորհակալություն», որպեսզի վայրէջք կատարելիս Սպիտակ տան ղեկավարը տեսնի այն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պատանդների վերադարձը պատմական իրադարձություն է: Նա միևնույն ժամանակ նշել է, որ առջևում դեռ շատ լուրջ անվտանգային մարտահրավերներ են սպասվում:
Միևնույն ժամանակ, Իսրայելում և Գազայում սպասում են պատանդների և բանտարկյալների վերադարձին: ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի միջոցով վերադարձրել է ողջ մնացած 20 պատանդներից 7-ին: Նրանք նախնական ստուգում կանցնեն հիվանդանոցում և կհանդիպեն ընտանիքի անդամների հետ: Պաղեստինցի գրեթե 2000 բանտարկյալները ևս ազատվել են իսրայելական բանտերից:
Այս ընթացքում Շարմ էլ Շեյխում պատրաստվում են Գազայում պատերազմի ավարտին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցում են տարբեր երկրների ղեկավարներ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: