ՀՀ ֆինանսների նախարարությունն ակտիվ համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի ֆինանսների կառավարման ցուցանիշների հաշվառումն ու հաշվետվությունները, համաձայն միջազգային ընդունված չափանիշների, ճիշտ արտացոլված լինեն: Այս մասին ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ Ավագ Ավանեսյանի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերլուծություններ կատարելիս պարզվել է, որ ՀՀ-ում ԿԲ արտաքին պարտքը և երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք, իսկ համայնքային պարտքը՝ որպես պետական համախմբված պարտք, ներկայացված չէ, ինչը հակասում է միջազգայնորեն սահմանված չափանիշներին:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է վերանայել «պետական պարտք» հասկացությունը՝ դրանում բացառելով Կենտրոնական բանկի արտաքին պարտքն ու պետական երաշխիքը և ներառել համայնքների պարտքը:
Նախատեսվում է ամրագրել պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման հստակ լիազորություններ Ֆինանսների նախարարության համար: Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ՝ միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում ի հայտ եկած և օրենսդրական կարգավորում պահանջող հարցերն ու խնդիրները:
Ավագ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ «պայմանագրային պայմանական պարտավորություն» հասկացության, ինչպես նաև նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: