Տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և հմտությունների անհավասար հասանելիության պատճառով առաջացող թվային անջրպետի ընդլայնումը շարունակում է սահմանափակել զարգացող երկրների ներուժը, ինչի հաղթահարման համար կարևոր է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության զարգացումը, այդ թվում՝ ազգային քաղաքականությունների հետ համապատասխանեցման, կարողությունների զարգացման և գլոբալ համագործակցության ընդլայնման միջոցով։
Նման ընդգծում է արել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ ՄԱԿ ԱԳ 80-րդ նստաշրջանի 2-րդ կոմիտեի «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները՝ կայուն զարգացման համար» և «Գլոբալիզացում և փոխկախվածություն» օրակարգային կետերի քննարկման ժամանակ:
«Ընդգծվեց միջին եկամուտ ունեցող երկրների համար գործողությունների ռազմավարական ծրագրի աճող անհրաժեշտությունը, ինչպես նշված է գլխավոր քարտուղարի զեկույցում, որը կարող է ծառայել որպես միջին եկամուտ ունեցող երկրների առջև ծառացած մարտահրավերների բազմազանությունն ու բարդությունն արտացոլելու համար հատուկ շրջանակ՝ միաժամանակ տրամադրելով քաղաքականության համակարգման, ֆինանսավորման և գործընկերության ընդլայնման գործնական գործիքակազմ՝ աջակցելու միջին եկամուտ ունեցող երկրներին իրենց ներուժը վերածել իրական առաջընթացի»,- ասված է հաղորդագրության մեջ: