Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։
Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։
Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։
Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Հոկտեմբերի 10-ին` ժամը 18։20-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են՝ 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ, 25 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 140 մեքենա հող և մղվել է մոտ 200 տոննա ջուր։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: